Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայի խմբային մրցաշարի երրորդ փուլի ծրագրով Ուկրաինայի ընտրանու հետ հանդիպումն անցկացրեց Լեհաստանի Լոձ քաղաքում:
Առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ:
Ընդմիջումից հետո ուկրաինացիները տարածքային առավելությունը վերածեցին նաև խաղայինի և խոշոր ՝ 3 : 0 հաշվով հաղթեցին:
Նախորդ խաղում, Գլազգոյում, շոտլանդացիների դեմ հետխաղյա մամուլի ասուլիսում, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Կապառոսն ասաց, որ Հայաստանի ֆուտբոլիստների պարտության հիմնական պատճառը ընդհանուր թույլ ֆիզպատրաստականությունն էր:Այս անգամ նույնպես, Կապառոսը գրեթե նույնն ասաց: Ստույգ՝ ուժասպառված Բայրամյանն ինքն է դիմել փոխարինման համար, իսկ Էդգար Բաբայանը իր թիմում սովոր չէ խաղալ . . . 90 րոպե:
Ամեն բանից անկախ, ֆուտբոլիստների անբավարար ֆիզպատրաստականության համար մեղավոր են հատկապես ակումբային թիմերի և ֆուտբոլի դպրոցների ղեկավարներն ու մարզիչները:
Տեղացի ֆուտբոլիստների ֆիզիկականի համար արդարանալու հիմք չունեն պատանեկան ֆուտբոլի պատասխանատուները: Ասածը վկայում են մեր պատանեկան ու երիտասարդական թիմերի ձախողումները միջազգային մրցաշարարերում: Ահավասիկ, հենց երեկ, Երևանում անցկացված Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի վերջին տուրի հանդիպումը Ուկրաինայի թիմի հետ / 0 : 2 /:
Այսպիսով, Հայաստանի երիտասարդականը խմբային փուլն ավարտեց երեք միավորով: Անցկացրած տասը խաղում մեր թիմը խփեց յոթ գոլ, սեփական դարպասում ընդունելով 28-ը: Հասկանալի է, որ մերոնք եզրափակեցին մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը:
Հետադարձ հայացք ձգենք: Հիշենք, << Կաշվե գնդակ >> անվանումով համամիութենական պատանեկան առաջնությունները: Հայաստանի ֆուտբոլիստները, եթե չենք սխալվում , չեմպիոն են դարձել 14 անգամ: Հենց նրանցով են համալրվել ԽՍՀՄ առաջնություններում հաջողության հասած մեր թիմերը:
Այն տարիներին, պատանեկան թիմերում, նպատակամղված աշխատանքներ են կատարել մեր նշանավոր շատ վարպետներ, իսկ հիմա . . .
Վիճակը խորհելու տեղիք է տալիս:
Վերջում նշենք, որ Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում, Հայաստանի հավաքականը վաղը ՝ հունիսի 14-ին, Երևանում կընդունի Շոտլանդիայի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին: